Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՈՒրիշ բան առանձնապես չէր էլ սպասվում

ՈՒրիշ  բան  առանձնապես  չէր էլ  սպասվում
13.02.2015 | 11:53

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ու կանանց հերթական առաջնությունները: Մրցահարթակը նախ տրամադրվել է կանանց: Նրանք մրցել են յոթ քաշային կարգում, մասնակիցները եղել են քսանյոթը:

48 կգ քաշային կարգում անվիճելի է եղել Էլեն Գրիգորյանի հաղթանակը: Երկամարտում նա գրանցել է 110 (50+60) կիլոգրամ արդյունք:
53-ում հաղթանակ է տոնել Աննա Գովելյանը` երեքական մոտեցումներից օգտագործելով մեկականը: Երկամարտի նրա ցուցանիշն է 146 (65+81) կիլոգրամ:
58 կգ քաշային կարգում պատվո պատվանդանի վերին հարթակին է կանգնել Շուշան Հակոբյանը` 140 (60+80) կիլոգրամ:
63-ում մրցակցությունից դուրս է եղել Իզաբելլա Յայլյանը: Երկամարտի նրա արդյունքը 192 կիլոգրամ է` կազմված 87+105 բաղադրիչներից:
69-կիլոգրամայինների մրցակցությունը բաց է թողել Մելինե Դալուզյանը, ով դեռ չի ապաքինվել վնասվածքից: Նրա բացակայության պայմաններում հաղթել է Սոնա Պողոսյանը` 196 (85+111) կիլոգրամ:
75 և +75-կիլոգրամայինների մեջ անպարտ են եղել Արևիկ Պապիկյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը` համապատասխանաբար ցույց տալով 175 (75+100) և 235 (105+130) կիլոգրամ արդյունք:
Ապրիլի 9-18-ին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հավակնություն ունեցողները, բնականաբար, լինելու են հենց այս մարզիկներից, մանավանդ որ իրենց քաշային կարգերում հաղթել են վստահաբար: Արդ տեսնենք, թե այդ քաշերը որքան են մրցունակ Եվրոպայում (համեմատությունն արվում է աշխարհամասի վերջին առաջնությունում արձանագրված արդյունքների հետ), ու ինչ ակնկալիք կարող ենք ունենալ:
48 կգ քաշային կարգում նույն Էլեն Գրիգորյանը երկամարտի 149 կիլոգրամով Եվրոպայում եղել է տասներորդը: Ներկայիս արդյունքը 110 կիլոգրամ է:
Եվրոպայի առաջնությանը մասնակցել է նաև Աննա Գովելյանը: Համեմատության համար` 174 կիլոգրամ այնտեղ (հինգերորդ արդյունք), 146` այստեղ:
58 կգ քաշային կարգում «Եվրոպա-2014»-ում ներկայացուցիչ չենք ունեցել, սակայն եթե Շուշան Հակոբյանին պատկերացնենք թբիլիսյան մրցահարթակում, հայաստանյան առաջնությունում ցույց տված 140-ով կարող էր շրջանցել անցած Եվրոպայի տասնմեկերորդ հորիզոնականում հայտնված իռլանդուհուն միայն: Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե մարզիչներն այստեղ նախապատվությունը չեն տա Հայաստանի առաջնությունում 63 կգ քաշային կարգում մրցելույթ ունեցած Իզաբելլա Յայլյանին (բնականաբար, մարզուհին անձնական քաշն այս դեպքում պիտի գցի), ով եթե պահպանի մարզավիճակը, կարող է հավակնել նույնիսկ լավագույն վեցյակում հայտնվելուն: Համեմատության համար` անցած տարվա եվրոպականի վեցերորդ տեղը գրաված իտալուհի Լոմբարդոն երկամարտում ցույց է տվել 194 կիլոգրամ արդյունք: Իհարկե, այս 192 կիլոգրամով Իզաբելլան կարող է մրցել և 63 կգ քաշային կարգում, սակայն գրավելիք տեղի առումով հավակնությունները կարող են սահմանափակվել լոկ լավագույն տասնյակի եզրափակումով:
69 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանի հայաստանյան 196 կիլոգրամով Եվրոպայում անելիք չունենք, եթե թիրախ ենք վերցնում ուժեղագույն տասնյակը: Բավական է նշել, որ նախորդ Եվրոպայում տասնչորսերորդ արդյունքը ցույց տված մարզիկը երկամարտում բարձրացրել է 200 կիլոգրամ:
75-կիլոգրամայինների մրցավեճում Եվրոպայում անցյալ տարի մասնակիցները եղել են յոթը, ու այդ յոթերորդը ցույց է տվել 210 կգ արդյունք: Մեր Արևիկ Պողոսյանի 175-ը, ինչպես տեսնում ենք, քննության չի դիմանում: Ինչ վերաբերում է +75 կգ քաշային կարգին, Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 235-ով չորրորդ արդյունքը կունենա:
Իհարկե, մինչև աշխարհամասի առաջնությունը մարզիչները կփորձեն ամեն ինչ անել վիճակը բեկելու համար, սակայն այն աստիճանի բեկել, որ հնարավոր լինի պարզերես հանդես գալ, հնարավոր չէ: Նաև հասկանալի է, որ մասնակիցների թվով էլ սահմանափակ ներկայացվածություն կունենանք, թեպետ Թբիլիսին քթներիս տակ է, ծախսերն առանձնապես մեծ չեն լինի: Ի դեպ, նկատենք, որ ծախսերի առումով, որքան տեղեկացված ենք, մեր ծանրորդները երբեք էլ աղքատ ազգականի կարգավիճակում չեն եղել: Նրանց համար եթե չի արվել առավելագույն հնարավորը, գոնե դրան մերձ հարևանությամբ գտնվողն արվել է: Այլ բան, որ մերոնք սկսել են ինտենսիվորեն դոփել տեղում, ու դա, թող ոչ ոք հեքիաթներ չպատմի, առաջին հերթին մարզչական կորպուսի ոչ լավագույն աշխատանքի արդյունք է:
Նյութի սկզբում ասացինք, որ զուգահեռ մեկնարկել է նաև տղամարդկանց առաջնությունը: Այստեղ սպասվում է անհամեմատ լարված մրցակցություն, այդ թվում` նախորդ մրցաշրջանը տարբեր պատճառներով բաց թողած մարզիկների մասնակցությամբ: Մենք առաջնությանը կփորձենք անդրադառնալ թերթի հաջորդ համարում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ